Սիսիանում, նախնական տվյալներով, սեռական ոտնձգության ենթարկված 16-ամյա աղջկա ծնողները պնդում են, որ իրենց աղջկա նկատմամբ, սեռական ոտնձգություն է կատարել Սիսիանի ավագանու անդամ 23-ամյա Բ. Ս.-ն: Մոր` տիկին Կարինեի խոսքով, իր 16-ամյա աղջկան Բ.Ս.-ն դասերից հետո կանչել է իր ընկերություն, որտեղ էլ նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

«Աղջիկս դասերից հետո վարսահարդարման դասերի է գնում, էդ տղան զանգում, ասում է` հետը խոսելու բան ունի եւ խնդրում է, որպեսզի աղջիկս իր մոտ գնա: Աղջիկս ասել ա` հարմար չի, ինքն էլ, թե բա պարապմունքդ որ վերջանա, արի հրապարակ: Պարապմունքից հետո աղջիկս գնում է հրապարակ, այլ բան մտքով չի անցնում, որովհետեւ ընտանիքներով մոտ ենք եղել, ճանաչում է էդ տղային: Զանգում, ասում ա` արի իմ ընկերություն, աշխատողներիս շուտ եմ տուն թողել, հետդ խոսելու բան ունեմ: Աղջիկս էլ առանց մտածելու գնում է, ցերեկը ժամը 16:00-ի կողմերն է լինում: Աղջկաս ասում ա` քո մասին լավ բաներ չեն խոսում, ինչ-որ մեկը քեզ նեղացնում ա, ասա` օգնեմ: Աղջիկս էլ ասում է` ինչե՞ր ես խոսում, ինչի՞ պետք է իմ մասին վատ բաներ խոսեն, ես ի՞նչ եմ արել որ: Հետո սկսել է ձեռ գցել, աղջիկս էլ նախատել ա, ասել ա` նենց ես քեզ պահում, ոնց որ եսիմ ով եմ: Հետո երեխուս ասել ա, եթե բարոյական աղջիկ ես, ապացուցի, որ կույս ես, վեր ա կենում, դուռը ներսից փակում է, երեխուս քաշքշում ա, ջուր ա լցնում վրան, ծեծում ա, այլանդակություններ ա անում, հետո դուռը բացելուց հետո` փախել, եկել է տուն…»:

Տիկին Կարինեի խոսքով, դեպքից հետո 16-ամյա աղջիկը հոգեպես շատ ծանր վիճակում է եղել, վախեցել է կատարվածի մասին ծնողներին պատմել:

«Աղջիկս հոգեպես շատ վատ վիճակում է եղել, ամաչել է, որ մեզ ասի: Ուղիղ մի ամիս ոչ խոսում էր, ոչ խնդում, անընդհատ տխուր էր…իմացել ենք, երբ մի օր վատացավ, շտապօգնությամբ տարան հիվանդանոց ու նոր պատմեց մեզ, թե ինչ ա եղել»:

Նրա խոսքով, Բ.Ս.-ի անվան հետ կապված Սիսիանում սա առաջին դեպքը չէ, նրա անվան շուրջ շատ խոսակցություններ են պտտվում, բայց նա երբեք պատասխանատվության չի ենթարկվել. «Աղջիկների հետ կապված շատ պատմությունների մեջ է հայտնվել, տարել են, ծեծել են դրան…հիմա ինքն էլ տարածում ա, թե իբր գլխին սարքում ենք, որ գումար տա մեզ….Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի օրենքով սահմանված ամենախիստ պատժին արժանանա: Իմ աղջիկը կարգին ընտանիքից է, ազատամարտիկի աղջիկ է, իսկ եղբայրներն էլ հիմա սահմանին կանգնած հայրենիքն են պաշտպանում, իսկ դրա նմանները աղջկաս անվան հետ են խաղում»…

16-ամյա աղջկա իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առերեսման ժամանակ էլ անչափահասը պնդել է իր ցուցմունքը, որ իր հանդեպ տվյալ անձը սեռական ոտնձգություն է թույլ տվել: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել, որոնց մի մասի պատասխանները ստացվել են, մի մասինը` ընթացքում է. «Ես գտնում եմ, որ սեռական ոտնձգություն կատարող անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, հատկապես, եթե խոսքն անչափահասի մասին է: Հուսանք, որ նախաքննությամբ ամեն ինչ կպարզվի եւ գործը կուղարկվի դատարան»:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Բ. Ս.-ն  նշել էր, որ երբեւէ չի մոտեցել անչափահաս աղջկան, ասել. «Սիսիանում էդ աղջկան էլ լավ գիտեն, իր վարքագիծն էլ՝ փող պոկելու համար ընտանիքով նման բաներ են սարքում մարդկանց գլխին, ես դա իրենց էլ եմ ասել»:

Նշենք, որ Բ. Ս.-ն, որը կասկածվում է  անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ,  Սիսիանի ավագանու անդամ է ընտրվել 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Սիսիանի 16-ամյա աղջիկը հաղորդումէ ներկայացրել, որ Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից մեկի գրասենյակում, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, ձեռքով գլխին հարվածելով եւ բերանը փակելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:

Կատարվում է քննություն: