Պեկինում Մին դինաստիայի կայսերական դամբարանից գողացել են 400 տարեկան երկու մոմակալ։ Այդ գողության պատճառով չորս չինովնիկ է հեռացվել աշխատանքից, հայտնում է «Սինհուան»։

Չինովնիկները աշխատում էին Պեկին քաղաքի Չանպին թաղամասի վարչական աշխատակազմում ու պատասխանատու էին մշակութային ժառանգության պահպանման համար։

Պեկինից 40 կմ հյուսիս գտնվող Շիսանլին դամբարանը կառուցվել է Մին դինաստիայի օրոք՝ 1368-1644 թթ։ 2003-ին այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Մոմակալներից յուրաքանչյուրի բարձրությունը 90 սմ է, իսկ քաշը 200 գրամ։ Մինչեւ գողությունը  մոմակալները դրված էին Մին դինաստիայի վերջին կայսեր՝ Չունժենի դամբարանի մուտքի մոտ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, մոմակալները կորել էին դեռ անցած տարվա մայիսին, սակայն տեղի չինովնիկները հայտնել էին, որ դրանք ուղարկվել են վերանորոգման։

Մոմակալների բացակայությունը սկսել էր լայնորեն քննարկվել, երբ անցած ամիս Շիսանլինի այցելուներից մեկը համացանցում հրապարակել էր լուսանկարներ, որոնց վրա, հին լուսանկարների համեմատ, ակնհայտ զգացվում էր մոմակալների բացակայությունը։