Երեկ ժամը 15-ին Վանաձորում հերթական սպանությունն է տեղի ունեցել՝ տեղեկացնում է «Հրապարակ»-ը։ Լոռվա խճուղի 1 ա հասցեում գտնվող «Նավ» ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերվել է Լոռու Ճոճկան գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Լեւոն Ասլանյանի դիակը։ Լոռու մարզի ոստիկանության քննչականի պետ Գագիկ Իսպիրյանից թերթը տեղեկացել է, որ քրեական գործ է հարուցվել եւ սպանողի ինքնությունը դեռ բացահայտված չէ։ Հանցագործը «սուր կտրող, ծակող գործիքով» մեկ անգամ հարվածել է Ասլանյանի կրծքավանդակին եւ մահ պատճառել։

Սպանության վկաներ չկան, սակայն մեզ հասած տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել սիրո հողի վրա։ Ճոճկանի բնակիչ Լեւոնը Վանաձոր էր եկել ընկերուհուն տեսնելու, որը սովորում է բուհում, հավանաբար տեղական «Ռոմեոն» որոշել է մրցակցին մեջտեղից հանել։ Ըստ ամենայնի նա հետեւել է իր զոհին, քանի որ դեպքից անմիջապես առաջ Լեւոնի ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային տեսուչները եւ հայտնաբերելով, որ նա առանց վարորդական իրավունքի է վարում, ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ։ Լեւոնը մեքենան թողնելով տուգանայինում, դուրս է եկել եւ հայտնվել «Նավ» ռեստորանի մերձակայքում, որտեղ էլ նրան սպանել են՝ «ԳԱԻ»-ի քթի տակ՝ 40-50 մետր հեռավորության վրա: