Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) ղեկավար Խոլգեր Մյունխը կոչ է արել եվրոպական ոստիկանություն ստեղծել: «Առանց ներքին սահմանների Եվրոպայում ոստիկանությունը եւս պետք է սերտ համագործակցելու հնարավորություն ունենա եւ՝ անդրսահմանային մակարդակում»,- Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում հայտարարել է նա, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Մյունխի խոսքով՝ անհրաժեշտ է շտապ բարելավել եվրոպական երկրների ոստիկանական համակարգերի ինտեգրումը:

Որպես օրինակ Մյունխը նշել է Շենգենի տեղեկատվական համակարգում կենսաչափական բաղկացուցիչների բացակայությունը, որոնք թույլ կտային մարդկանց հստակ նույնականացնել ըստ մատնահետքերի: Նա դժգոհել է նաեւ տվյալների եվրոպական բազայի բացակայությունից, որը հասանելիություն կապահովեր կասկածյալների վերաբերյալ ունեցած ոստիկանական տեղեկություններին:

Խոլգեր Մյունխը նշել է Գերմանիայում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որտեղ 16 դաշնային հողերից յուրաքանչյուրում քրեական գործերով սեփական շրջանային գերատեսչություն է գործում:

«Պոտենցիալ վտանգ ներկայացնող մարդկանց հսկողությունը չի հեշտանում, երբ մենք 16 տարբեր ոստիկանական օրենքներ ունենք: 5 հողերում, այդ թվում՝ Բեռլինում եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում հաղորդակցության հսկողությունն անհնար է իրավական պատճառներով: Այդ պատճառով ոստիկանական օրենքների հապշտապ միասնականացման կոչ եմ անում»,- հայտարարել է  BKA-ի ղեկավարը: