Իրաքի Մոսուլ քաղաքում քրիստոնյաների վրա հարձակման արդյունքում զոհվածների մեջ հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Իրաքում Հայաստանի դեսպանատան տվյալները:
Նախօրեին France Press-ը հայտնել էր, թե Իրաքում բռնությունների նոր ալիքի արդյունքում զոհվել են 7 մարդ, որոնցից 2-ը քրիստոնյաներ: Ընդ որում, հաղորդվում էր, որ նրանցից մեկը՝ հայ է:
Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի էր ունեցել Մոսուլ քաղաքում՝ Իրաքի հյուսիսում: Զինված գրոհայինները սպանել էին մի ասորու եւ նրա հայ ազգականին: Ըստ լուրի, հայը ատաղձագործ էր, իսկ նրա ընկեր ասորին աշխատում էր կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում:





























