Տուբերկուլյոզը մարդկությանը հայտնի ամենահին հիվանդություններից է, որով վարակվել են դեռեւս եգիպտական փարավոնները, ինչը հաստատել է նրանց զմռսված ողնաշարերի ուսումնասիրությունը։ Նոյեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Մ. Հերացու անվան պետական բժշկակական համալսարանի Ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյոբով Նիկոլայանը։

Նրա խոսքով, երկրագնդի բնակչության 1/3-ն ունի այդ վարակը, սակայն բարբախտաբար բոլորը չէ, որ հիվանդանում են այս հիվանդությամբ:

«Հայաստանի մասով կարող ենք ասել, որ վերջին տարիներին վիճակը բավական հուսադրող է։ 100 հազար մարդու հաշվարկով մեզ մոտ տարեկան գրանցվում է 44-45 նոր դեպք, այսինքն՝ այս հիվանդությամբ տարեկան վարակվում է 1400-1500 մարդ»,-նշեց մասնագետը։

«Ցավալին այն է, որ տուբերկուլյոզի նախնական շրջանում բժշկի դիմում է հիվանդների միայն 1/3-ը, մինչդեռ նրանց 2/3-ը մասնագետի մոտ գալիս է ուշացումով։ Ինչ էլ, սակայն, լինի, Հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, եւ որ ամենակարեւորն է, դրանք տրվում են անվճար։ Բուժման կուրս անցնելու համար, պարզապես, հիվանդը պետք է զինվի համբերությամբ, քանի որ կուրսը կարող է տեւել 6-8 ամիս»,- տեղեկացրեց դոցենտը:

Նա նաեւ նշեց, որ հակատուբերկուլյոզային առաջին պատվաստումը կատարվում է ծննդատանը, իսկ կրկնապատվաստումներ երեխաներին  կատարում են 6 տարեկանում։ «Ինչ վերաբերում է հիվանդների խնամքին, ապա նախեւառաջ պետք է մեկուսացնել նրանց, առանձնացնել սպասքը, նրաց կողմից օտագործված իրերը հանել արեւի։ Տուբերկուլյոզի ցուպիկները արեւի ճառագայթներից բավական շուտ են ոչնչանում»,- ասաց Լյոբով Նիոլայանը։

Նրա տեղեկացմամբ, այս հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է աշխատունակ տարիքի տղամարդկանց։ «Մեր տղամարդիկ այս եւ շատ այլ հիվանդություններ Հայաստան բերում են «խոպանից վերադառնալուց»՝ մասնավորապես Ռուսաստանից։ Հիվանդությունը բավական արագ է տարածվում։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում աճի միտում ունի»,- նշեց նա:

Պատասխանելով NEWS.am-ի այն  հարցին, թե որքանո՞վ դիպուկ է այն բնորոշումը, թե տուբերկուլյոզն աղքատների հիվանդություն է, բժիշկն ասաց. «Իսկապես,սոցիալական վատ պայմանները մեծապես նպաստում են հիվանդության զարգացմանը։ Հիվանդությունը զարգանում է նաեւ բանտերում եւ պատերազմների ժամանակ»։