Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի նախկին նահանգապետ 60-ամյա Թոմաս Յարինգտոնը, ով 2013-ին մեղադրվել է թմրակարտելներից բազմամիլիոնանոց կաշառքներ վերցնելու մեջ, ձերբակալվել է Ֆլորենցիայում, հաղորդում է Nazione պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Յարինգտոնը ձերբակալվել է կիրակի երեկոյան Ֆլորենացիայի կենտրոնում, որտեղ նա ծագումով լեհ քաղաքացու ընկերակցությամբ էր։ Ձերբակալվելիս նա ուրիշի անվամբ կեղծ վարորդական իրավունք է ներկայացրել։

Վերջին հինգ տարում Յարինգտոնը թաքնվել է իրավապահ մարմիններից։ Ըստ ամերիկյան իշխանությունների՝ նա սկսել է կաշառք վերցնել թմրավաճառներից դեռեւս Մատամորոս քաղաքի քաղաքապետ եղած ժամանակ, իսկ Տամաուլիպաս նահանգի նահագապետի պաշտոնում նա միայն ընդլայնել է իր գործունեությունը։