Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը կազմակերպության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ եւ նկատել է, թե հայկական սփյուռքը ակտիվորեն մասնակցում է տնտեսության ամրապնդման, սոցիալական կյանքում եւ ռուսական հասարակության արդիականացման գործում:

«Ռուս եւ հայ ժողովուրդներին դարերի ընթացքում կապում է հարգանքի վրա հիմնված անկեղծ բարեկամությունն ու համակրանքը: Բարիդրացիության եւ սերտ համագործակցության ավանդույթները փոխանցվել են սերնդե սերունդ եւ նպաստել մեր մշակույթների փոխհարստացմանը: Հարյուր հազարավոր հայերի համար Ռուսաստանն իրապես երկրորդ հայրենիք է դարձել»,- ասված է շնորհավորական հեռագրում:

Նշենք, որ նոյեմբերի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ կմասնակցի Ռուսաստանի հայերի միության տարեդարձի միջոցառումներին:

ՌՀՄ-ն ստեղծվել է 2000թ. որպես համառուսաստանյան հասարակական կազմակերպություն: ՌՀՄ նախագահը գործարար Արա Աբրահամյանն է: