Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Մոլդովական փողոցում՝ Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում իրականացվող ծառահատման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. նման հրահանգ այսօր` նոյեմբերի 17-ին տվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը։ NEWS.am-ին այս մասին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նրա խոսքով, այս պահին տրակտորը քանդման աշխատանքներ այլեւս չի կատարում, սակայն  արդեն  իսկ հատվել է 4-5 ծառ, վնասվել են մի քանիսի արմատները։ Բնակիչները հավաքվել են մոտակայքում եւ բողոքում են իրենց զբոսավայրի ոչնչացման դեմ։ Այս պահին Տարոն Մարգարյանի հանձնարարականով ծառահատման վայր են ժամանել նաեւ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության  պետ Ավետ Մարտիրոսյանը եւ Երեւան քաղաքի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը: Վերջիններս տեսնելով, որ, իրոք, հատվել են առողջ ծառեր, փոխքաղաքապետի անունից խիստ հանձնարարական են տվել, որպեսզի տրակտորն այդ տարածքից դուրս բերվի։ Հատկանշական է, որ ծառահատման տարածքում առկա են նաեւ մի քանի հուշարձաններ։  

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում Նոր Նորքի վարչական շրջանի Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում ծառահատման աշխատանքն եր են սկսվել: Հարակից տարածքի բնակիչներն արդեն երկու օր է՝  բողոքում են այն բանի դեմ, որ նոյեմբերի 15-ի գիշերը, այգում ավելի քան 2 հազար քմ տարածք ալյումինե թիթեղով պարսպապատվել է, պոկվել են այգու նստարանները եւ մի քանի բանվորներ, արդեն սկսել են հատել այգու ծառերը: Նշենք, որ այգում ծառերի թիվը շուրջ 200-ի է հասնում, որոնցից ամենամեծը 30 տարեկան է:

Բնակիչների տեղեկություններով, այդ տարածքի բոլոր ծառերը հատվելու են, քանի որ այդ տեղում կառուցվելու է 18 հարկանի բարձրահարկ շենք: Ի դեպ, ըստ նրանց, անցած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին այգում ավելացնել ծառերի, նստարանների ու կարուսելների թիվը, սակայն հիմա, ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլեւ գիշերով պոկել տարել են նստարանները, իսկ ծառերի մի մասն էլ կտրվել է:

Նշենք, որ «Վիշապի կոթողներ» տարածքում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ «ծովից ծով Հայաստան կերտած» արքայի արձանի համար նույնպես տեղ չգտնվի այգում:

Եվս մեկ նկատառում. «Վիշապի կոթողներ» այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության զինանշանն է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ կողմից:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի