Հայաստանի զարգացումն ապահովող ամենակարեւոր կառույցներից մեկը հայկական բանակն է, որն այսօր պաշտպանում է մեր պետականությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը: Այսօր` նոյեմբերի 17-ին համալսարանական զինակոչիկների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավելելով, որ մեր լարված եւ սպառնալիքներով լի տարածաշրջանում բանակի մասին մտածելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Ս. Օհանյանը կարեւորել է բանակը առողջ, բանիմաց, կրթական բարձր մակարդակ ունեցող մարդկանցով  համալրելը:

Նա կոչ է արել զինակոչիկներին` պատասխանատվությամբ վերաբերվել բանակում ծառայությանը, քանի որ բանակային կյանքը կտրականապես տարբերվում է քաղաքացիական ազատ կյանքից: Նախարարը նշել է, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ է երիտասարդների դերակատարությունը եւ ՊՆ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի երիտասարդները թե՜ նախազորակոչային տարիքում, թե՜ բանակում ծառայելու ժամանակ եւ թե՜ զորացրվելուց հետո նպաստեն բանակ-հասարակություն կապի ամրապնդնմանը:

Անդրադառնալով բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությանը, Ս. Օհանյանը նշել է, որ նման երեւույթներ կան բոլոր երկրների բանակներում, սակայն հայոց բանակում համապատասխան աշխատանքներ են տարվում` կարգապահության ամրապնդման ուղղությամբ, որի հիմքում ընկած են գաղափարադաստիարակչական աշխատանքները, ուսումնական պրոցեսը, Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները:

«ԶՈՒ-ում դաստիարակչական աշխատանքներն առաջին կանխարգելիչ միջոցառումներն են, եւ յուրաքանչյուր սպա այսօր փորձում է տիրապետել դաստիարակության էությանը, նրա սկզբունքներին, մեթոդներին, ձեւերին: Մենք փորձում ենք հրամանատարական կազմի մոտ ձեւավորել համապատասխան մանկավարժական կուլտուրա, որի հիման վրա էլ կարող է իրականացվել դաստիարակչական աշխատանք: Կարծում եմ, որ ոչ կանոնադրական հարաբերություններից բանակն ընդհանուր առմամբ զերծ պահելու մյուս ուղղությունն հասարակության բարձր դաստիարակության ապահովումն է»,- ասել է Պաշտպանության նախարարը, վստահեցնելով, որ Զինված ուժերում կոռուպցիոն դրսեւորումները նվազեցնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ եւս տարվում են: