Վրաստանի հասարակության շրջանում Հայաստանի երկու հակադիր ընկալում կա: Օնլայն համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին:
«Վրաստանում Հայաստանի վերաբերյալ երկու հակադիր կարծիք կա: Մեկը պրագմատիկ է, մյուսը՝ անտագոնիստական: Առաջին դեպքում մշտապես ընդգծվում է, որ անկախության 25 տարիների ընթացքում վրաց-հայկական հարաբերությունները եղել են պրագմատիկ, բարիդրացիական, Հայաստանը մշտապես բարյացակամ եւ կոռեկտ է եղել, այդ թվում՝ 2008 թվականի իրադարձությունների ժամանակ, առաջին հերթին չի օգտագործվել Գյումրիիում տեղակայված ռուսական բազան, եւ Հայաստանը, չնայած Մոսկվայի ճնշմանը, չի ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան:
Զուգահեռ կա մյուս մոտեցումը: Այն կրողները Հայաստանին կասկածամտությամբ են վերաբերվում՝ իբր այն կարող է օգտվել Վրաստանի թուլությամբ եւ ինչ-որ բան սկսել Ջավախքում, չնայած այս մոտեցումը փաստերով չի ամրագրված, եւ ես չեմ հասկանում՝ ինչի վրա է այն հիմնվում»,- նշեց քաղաքագետը:




























