Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից հետո Թուրքիային սպասվող ներքին ու արտաքին փոփոխությունները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Էրդողանին նախագահական լայն լիազորություններ տվող սահմանադրության փոփոխության հանրաքվեի վիճելի արդյունքները թեեւ հաղթանակ են Էրդողանի համար, սակայն վերջինս գոհ չէ նման ցուցանիշով «այո» ստանալ։ Փաստացի երկրի կեսը դեմ է Էրդողանի նկրտումներին։ Իշխանությունների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում «ոչ»-ի կողմնակիցներին դավաճան, ահաբեկիչ ու լրտես անվանելը երկրում խորացրել էր «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների միջեւ լարվածությունը, եւ այժմ, երբ ընտրության արդյունքները խիստ վիճահարույց են, երկրում աճել է բախումների ու խժդժությունների վտանգը։
Էրդողանը, չնայած հաղթանակին, ստիպված է զգուշավոր քայլեր իրականացնել՝ զանգվածային բողոքի ցույցերից ու դրան հետեւող անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Էրդողանի համար խիստ անհանգստացնող է նաեւ այն, որ Թուրքիայի 15 մլն բնակչությամբ Ստամբուլը, 5 մլն բնակչությամբ Անկարան ու 4 մլն բնակչությամբ Իզմիրը դեմ են քվեարկել իրեն։ Փաստացի, ընտրություններում գրեթե 50 տոկոս ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ նրա հետ ժամանակավոր դաշինք կազմած եւ ընտրություններում 14 տոկոս հավաքած «Ազգայնական շարժումը» միասին հանրաքվեին հավաքեցին 51 տոկոս, այսինքն իրենց ընտրազանգվածի առնվազն 13 տոկոսը դեմ է եղել իրենց նախաձեռնությանը՝ Թուրքիան վերածել նախագահական լայն լիազորություններով երկրի։
Այս պայմաններում Էրդողանի համար միակ գերադասելի ճանապարհը լինելու է արագ լիցքաթափել ներքին լարվածությունը, որը հասարակությանը երկու մասի է բաժանել։ Այս վախն էլ ստիպել է Էրդողանին երկարաձգել երկրում արտակարգ դրությունը, ինչը հնարավորություն է տալու սահմանափակել բողոքի ակցիաներն ու ցույցերը՝ ընդհուպ մինչեւ ռազմական միջամտություն։
Նման արդյունքներով հաղթանակ տանելը Էրդողանին դժվարին դրության մեջ է դնելու նաեւ արտաքին քաղաքականության մեջ քայլեր անելուց։ Վերջին շրջանում Գերմանիայի ու Հոլանդիայի կողմից Թուրքիայի իշխանությունների նկատմամբ խիստ քայլերն ու հայտարարությունները Էրդողանին կստիպեն փորձել կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Էրդողանը գնալու է այդ քայլին, քանի որ վերջին ամիսներին ՌԴ-ի հետ ջերմացած հարաբերությունները ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ավիաբազան հրթիռակոծելուց հետո սկսել են խարխլվել, քանի որ Թուրքիան անմիջապես աջակցություն հայտնեց ԱՄՆ-ին։
Իր համար երկար սպասված նախագահական համակարգին անցնելը ապահոված Էրդողանը տարիներ անց նախագահի աթոռին նստելն ապահովելու, երկիրը միանձնյա ղեկավարելու համար պետք է արտաքին քաղաքականության մեջ «ռեսթարթ» անի՝ այս ընթացքում երկրի ներսում ու դրսում իր համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։




























