ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շուտով թողնելու է այդ պաշտոնը եւ գլխավորելու է դեմոկրատների խմբակցությունը հայտարարել է, որ այս տարի էլ կանի իրենից կախվածը Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ընդունելու համար: Այդ մասին գրում է «Glendale News- Press»-ը:

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն նշում է, որ այդ հայտարարությունը Փելոսին արել է նոյեմբերի 2-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետո, երբ դեմոկրատների դիրքերը թուլացան:

 «Սակայն Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն մտադիր է աշխատել ոչ միայն դեմոկրատների, այլ նաեւ հանրապետականների հետ: Հայ համայնքը միշտ էլ ձգտել է բարեկամներ ունենալ բարիկադի երկու կողմերում էլ», - հայտարարել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հույս հայտնելով, որ մեծամասնության առաջնորդ Էրիկ Քանթորն ու հանրապետական Քեւին Մաքարթին կողմ կլինեն բանաձեւին:

«Մենք ճշմարտություն ենք փնտրում արդարության համար: Մենք արդարություն ենք փնտրում հանուն անվտանգության», - ասել է Համբարյանը: Ցեղասպանության ճանաչումից բացի Կոմիտեն հանդես է գալիս նաեւ այլ հարցերով, մասնավորապես, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրային կապերի ցարգացումը:

Կազմակերպությունը նաեւ հստակ բացասական վերաբերմունք ունի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Բրայզայի հարցում եւ հույս ունի, որ նախագահ Օբաման ականջալուր կլինի այդ դիրքորոշմանը, նշված է Կոմիտեի NEWS.am-ին ուղարկած հաղորդագրությունում: