Պաշտոնական Վաշինգտոնը նախկինի նման Ցեղասպանության մասին ամեն ինչ ասում է, բացի «ցեղասպանություն» բառից: Այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը Բարաք Օբամայի նախկին հայտարարություններն էր կրկնում եւ ոչ մի նոր բան չէր պարունակում: Նույն հաջողությամբ կարելի էր ոչինչ չասել: Հայտարարությունը նաեւ հայերին ու թուրքերին ուղղված կոչ էր պարունակում ցավոտ պատմությունը ճանաչելու մասին: Մանոյանի կարծիքով՝ այս արտահայտությունը կարելի մեկնաբանել որպես ակտիվ դիրքորոշումից հրաժարվելու ԱՄՆ-ի ցանկություն: «Այնուամենայնիվ, կարելի է հույսը դնել Թրամփի անկանխատեսելիության վրա: Հաշվի առնելով նրա պահվածքը՝ փաստ չէ, որ նման արձագանքը վերջնական է, եւ որ հետո չի փոխվի»,- նշեց Մանոյանը: