Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործի նախաքննությունը վարելու է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Գլխավոր դատախազությունը պահանջել է Քննչական կոմիտեից քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, քրեական գործի նախաքննությունը վարելու է Ազգային անվտանգության ծառայությունը»,-NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւին սպանելու մեջ մեղադրվում է Ստեձանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանը: Նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանվածի անձը հաստատվել է. նա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ.Ա.-ն: