Հայաստանում ազգային ու կրոնական փոքրամասնությունները խտրականությունից ազատ են։ Այս մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը՝ ներկայացնելով հաշվետվություն Ռասայական խտրականության բոլոր ձեւերի ոչնչացման մասին միջազգային հռչակագի դրույթները Հայաստանում ներդնելու մասին։ Հաշվետվությունը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքներով հանձնակատարի բյուրոյին, հայտնում է կազմակերպության կայքը։

Հովակիմյանը նշել է, որ ըստ Սահմանադրության նոր խմբագրության 89 հոդվածի, ազգային փոքրամասնություններին 4 տեղ է հատկացվել խորհրդարանում։ Խտրականության դեմ պայքարի հարցերով նոր օրենսդրությունը մշակվում է Արդարադատության նախարարության կողմից։ Ակնկալվում է, որ այն կընդունվի մինչեւ 2017-ի վերջ

Հանձնաժողովի փորձագետները նշել են այն դրական փաստը, որ ռասայական խտրականության ապացուցման բեռը հիմա պետության վրա է, այլ ոչ թե տուժածների։ Նրանք բարձրացրել են ազգային փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության մոդելի արդյունավետության հարցը, նշել մի շարք էթնիկ խմբերի՝ այդ թվում գնչուների նկատմամբ խտրականությունը, աֆրիկյան ծագման անձանց մասին տեղեկությունների պակասը, նաեւ էթնիկ ադրբեջանցիների թվի քանակի կրճատումը։

Աշոտ Հովակիմյանը նշել է, որ երկրում գործում են 66 կրոնական կազմակերպություններ, դրանցից 8-ը պատկանում են ռուսների, ասորիների, հրեաների ու եզդիների համայնքներին։ Բոլորին թույլատրված է ազատ գործել, կառուցել կրոնական շենքեր ու աղոթարաններ։ Ազգային փոքրամասնություններն ունեն կիրակնօրյա դպրոցներ՝ իրենց լեզուներով։

Նրա խոսքով մշտապես Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն է եղել հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հարթելու ձգտումը։ Սակայն հարեւաններից մի քանիսը նույնպես կարող էին նման ցանկություն դրսեւորել։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների քանակի կրճատմանը , ապա մարդիկ իրենց ինքնությունը հայտնում են իրենց հայեցողությամբ։ Գոյություն ունեն նաեւ մի շարք զգայուն հարցեր, որոնք վերաբերում են հայ- ադրբեջանական խառը ծագումով անձանց։