Փաստաբան Էլչին Սադիգովը հայտարարել է դատապարտված NIDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։
Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը 2016 թվականի մայիսի 10-ի գիշերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա քաղաքական կարգախոսներ են գրել։ Հաջորդ օրը նրանց ձերբակալել են եւ մեղադրել խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։
Ինչպես հաղորդում է contact.az-ը՝ Սադիգովը հայտնել է, որ ապրիլի 29-ին այցելել է Մամեդովին համար 13 գաղութում։ Նա ասել է, որ Մամեդովը մշտապես ճնշումների է ենթարկվում։ Նրան հասկացնում են, որ դա պատիժ է «մեծն առաջնորդի հուշարձանն անարգելու համար», եւ նա մշտապես ճնշման տակ կգտնվի։
Գաղութում հայտնվելու պահից Մամեդովը հիվանդ է։ Նրան պահում են զուգարանին մոտ խցում, որտեղ մշտապես միջանցիկ քամիներ են։ Իրեն բուժման ուղարկելու բազմակի խնդրանքներն անտեսվում են աշխատակազմի կողմից։ Ապրիլի 24-ին բարձր ջերմության պատճառով նա ի վիճակի չի եղել դուրս գալ երեկոյան հերթափոխի։ Այնուամենայնիվ, նրա շղթայակապ տարել են բանտի բակ։ Հերթափոխի դուրս չգալու վերաբերյալ նրա բացատրագիրը պատռել են՝ պահանջելով գրավոր խոստովանել, որ ինքը պարզապես դուրս չի եկել։ Վերջնականապես չմրսելու համար վերջինը ստիպված էր կատարել այդ պահանջը։
Մինչ այդ գաղութում Մամեդովին ստիպում էին աշխատել, ինչի հետ կապված նա բողոքել է։ Դրանից հտո նրան մերկացրել եւ մեկուսարան տարել։ Մամեդովը նաեւ փաստաբանին ասել է, որ գաղութի աշխատակազմը գիտակցաբար տանջում է իրեն եւ առողջանալու հնարավորություն չի տալիս։ «Տպավորություն է ստեղծվում, որ դա դիտմամբ է արվում՝ նրան ֆիզիկապես ոչնչացնելու համար»,-հայտարարել է փաստաբանը։
Սադիգովը հայտնել է, որ պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի Բաքվի գրասենյակ, որպեսզի նրանց ներկայացուցիչներն այցելեն Մամեդովին։




























