ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի եւ հայկական կատարողական արվեստի ավանդույթների հարստացման եւ զարգացման գործում:

Երկար տարիների արդյունավետ համերգային եւ մանկավարժական գործունեության շնորհիվ Դուք արժանիորեն դասվում եք հայ երաժշտարվեստի երախտավորների շարքին:

Բարձր գնահատականի է արժանի Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում տասնամյակների Ձեր նվիրված աշխատանքը, որի շնորհիվ գրվել են երաժշտախմբի տարեգրության նշանակալի էջերը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք եւ նոր ձեռքբերումներ»: