Պետերբուրգի ու Լենինգրադի մարզի Անվտանգության դաշնային ծառայության վարչության (ԱԴԾՎ) քննչական ծառայությունը վերսկսել է Գալինա Ստարովոյտովայի սպանության գործով քննությունը։ Այս մասին հաղորդել են տարածքային ԱԴԾՎ-ից։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ գործը վարույթ է վերադարձվել "բացաահայտված նոր հանգամանքների կապակցությամբ։ Իսկ թե ինչպիսի՝ չեն ճշտել։

Հիշեցնենք, որ Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998 թվականի նոյեմբերի 20-ի երեկոյան, Սանկտ Պետերբուրգի իր տան շքամուտքում։ Այդ երեկո նա Պետերբուրգ էր ժամանել Մոսկվայից։ Պուլկովո օդանավակայանում նրան դիմավորել էր իր օգնական Ռուսլան Լինկովը, որի հետ նրանք գնացել էին Ստարովոյտովայի բնակարան։

Հետաքննության վարկածի համաձայն, օդանավակայանում պատգամավորին դիմավորել է նաև Սերգեյ Մուսինը, որը նրա ժամանման մասին տեղեկացրել է այն ժամանակ Հետախուզական գլխավոր վարչության աշխատակից Յուրի Կոլչինին ( նա հերթապահել է Գրիբոյեդովի ջրանցքի ափամերձ տարածքում, Ստարովոյտովայի տնից ոչ հեռու)։ Կոլչինը հրամայել է Վիտալի Ակիշինին և Օլեգ Ֆեդոսովին սպասել ու սպանել Ստարովոյտովային՝ շքամուտքում։ Հետաքննությունը կարծում է, որ հենց նրանք են սպանել պատգամավորին՝ իր բնակարանի մոտ, երկրորդ հարկում։ Ենթադրվում է, որ պատգամավորի վրա կրակել է Օլեգ Ֆեդոսովը, որը սպանությունից առաջ կանացի կեղծամ է դրել։ Ստանալով հրազենային 5 վերք, Ստարովոյտովան մահացել է տեղում։ Մարդասպանները գլխից վիրավորել են Լինկովին, սական վերջինս կենդանի է մնացել։ 2005 թվականի հունիսի 30-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը սպանության մասնակիցներ Յուրի Կոլչինին (կազմակերպիչ) ու Վիտալի Ակինշինին (կատարող) դատապարտել է 20 և 23,5 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում։

Նշենք նաև, որ 1989 թվականին Ստարովոյտովան, որը արշավների ընթացքում եղել էր Լեռնային Ղարաբաղում և այն ժամանակ արդեն Կովկասում

ուներ այդ տարածաշրջանի տարբեր խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող շատ ընկերներ և գործընկերներ, ԽՍՀՄ ժողպատգամավորի թեկնածու է առաջադրվում Հայաստանից։ 1989 թվականի մայիսի 14-ին ընտրողների 75,1%-ը ուժեղ այլ թեկնածուներից նախընտրում է պետերբուրգցի ռուս կնոջը։ Գալինա Ստարովոյտովայի նկատմամբ նման վերաբերմունքը կապված էր դժվարին պահերին հայ ժողովրդին աջակցելու, Ղարաբաղյան շարժման ակունքներում գտնվելու, Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված նրա ջանքերի հետ։