Ս/թ մայիսի 4-ին, ժամը 14:00-ին  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Տերյան 105, 1-ին մասնաշենք, 1301 դահլիճ) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հանդիպումը 2017թ. մրցանակների հավակնորդների հետ:

Հանդիպման նպատակն է այս տարվա մրցույթի հավակնորդներին  ներկայացնել մրցանակաբաշխության առաքելությունը, մասնակցելու պայմանները, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող նոր պահանջներն ու ընտրության չափանիշները:

Հանդիպման ընթացքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը կներկայացնի շնորհանդես մրցույթի 13 տարվա  հաջողված փորձի մասին:

Հանդիպմանը ներկա կգտնվեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀԱՊՀ -ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգևները շնորհվում են այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ակտիվ են հասարակական կյանքում և ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում:

2017թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝

• Գլխավոր մրցանակ

• Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)

• Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)

• Լավագույն բակալավր (I և II կարգեր)

• Լավագույն սփյուռքահայ ուսանող

• Լավագույն աշակերտ (I և II կարգեր)

Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը կպատասխանեն ներկաների հարցերին:

Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան ս/թ հունիսի 26-ից մինչև հունիսի 30-ը եւ հուլիսի 3-ից 4-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի կողմից ս/թ հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի նստավայրում: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլարին համարժեք դրամ և  հուշախորհրդանիշ:

Նախագահական կրթական պարգևի ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում  «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից: