Հատուկ ավտոմեքենաներ արտադրող ռուսական «Պրոմավտո» գործարանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությունը կզարգացնեն համագործակցությունը կոնտեյներների ու մոդուլային շինությունների զարգացման ոլորտում։ Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Պրոմավտո» գործարանի վաճառքի տնօրեն Ալեքսանդր Տրուշկովը, ով բիզնես առաքելությամբ գտնվում է Հայաստանում։
Նրա խոսքով՝ երեկ նրան բանակցությւններ են վարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ՝ կոնտեյներների ու մոդուլային շինությունների մատակարարման շուրջ։ «Այդ թեման հետագայում կզարգանա մեր համագործակցության ընթացքում։ Այսօր մենք հանդիպումներ ունենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ ոստիկանությունում»,-նշել է Տրուշկովը։
Հատուկ ավտոմեքենաները, որոնց արտադրությամբ զբաղվում է «Պրոմավտո» գործարանը, ավտոֆուրգոններ են՝ հիմնականում տարբեր ջերմաստիճանների ներքո սննդամթերք արտադրելու համար, ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների համար հատուկ ավտոմեքենաներ՝ ԱԻՆ-ի, ՆԳՆ-ի, ՊՆ-ի։ «Մեր գործարանը առաջին տեղում է շարժական արհեստանոցների արտադրության հարցում, ներառված է Ռուսաստանի գործարանների լավագույն հնգյակում՝ հավասարաջերմ ֆուրգոնների ու սառնարանների արտադրության առումով»,-հավելել է Ալեքսանդր Տրուշկովը։




























