Նախագահականի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ԵԽ ԽՎ–ի եւ միջազգային այլ կառույցների ճնշման արդյունքում իշխանությունները քննարկում են մի քանի քաղբանտարկյալների մինչեւ տարեվերջ ազատ արձակելու հարցը։ «168 ժամ»-ը գրում է, որ այս փուլում խոսքն այն քաղբանտարկյալների մասին է, ում առնչությամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղաժամկետ արձակելու տարբերակը։ Այս պահին լրացել է քաղբանտարկյալներ Գաբրիել Գաբրիելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ռոման Մնացականյանի վաղաժամկետ ազատման ժամկետը։

Սակայն կալանավայրերում նրանցից երկուսի նկատմամբ տույժ է նշանակվել, ինչն օրենքով երկարացնում է այդ ակտի կիրառման ժամկետը։ Թեեւ այս իրավիճակում գտնվող քաղբանտարկյալների դեպքում էլ չի բացառվում, որ խրախուսում կիրառվի, որպեսզի մինչեւ տարեվերջ նրանք ազատ արձակվեն։ Քաղբանտարկյալներից Ֆելիքս Գեւորգյանի, Շմավոն Գալստյանի, Արամ Բարեղամյանի վաղաժամկետ արձակման ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Քննարկվում է նրանց էլ տարեսկզբին ազատ արձակելու տարբերակը։ Թերթի տեղեկություններով մյուս քաղբանտարկյալների առնչությամբ իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել: