Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածունրը՝ Մարին Լը Պենն ու Էմանուել Մակրոնը հեռուստատեսային բանավեճի ժամանակ միմյանց կոշտ քննադատության են ենթարկել, հաղորդում է  BBC-ն:

Ծայրահեղ ձախերի թեկնածու Լը Պենը  39-ամյա կենտրոնամետ Մակրոնին համարել է էլիտայի թեկնածու, որը ոչ մի  բարեփոխում չի առաջարկում: Նա քննադատել է իսլամական ահաբեկչության դեմ պայքարի Մակրոնի խոստումը, ինչպես նաեւ ներկայիս ոչ պոպուլյար կառավարության կազմում նրա գտնվելու հանգամանքը:

Մակրոնն իր հերթին պարտքի տակ չի մնացել եւ Լը Պենին մեղադրել է «կեղծիքի ստրատեգիա» օգտագործելու մեջ:

Դեբատները շարունակվել են 160 րոպե, եւ այդ ողջ ընթացքում թեկնածուները միմյանց սուր քննադատության են ենթարկել:

Թեկնածուները բավականին ժամանակ են հատկացրել նաեւ տնտեսությանը:

Մակրոնի խոսքով՝ ընտրվելու դեպքում, իր ծրագրերից մեկն է գույքի հարկի չեղարկումը ֆրանսիացիների 80%-ի համար, բիզնեսի համար հարկերի նվազեցումը:

Լը Պենն ի պատասխան հայտարարել է, որ նրա ծրագրերը կհանգեցնեն շատ ընտանիքների աղքատացման եւ հանդես է եկել երեխաների համար ունիվերսալ նպաստի օգտին՝ նշելով, որ երկրում ներկայիս սոցիալական պաշտպանության համակարգը «վտանգի մեջ է»: Նա նաեւ խոստացել է պայքարել գործազրկության դեմ, որն, ըստ նրա, պայմանավորված է գլոբալիզացիայով:

Ահաբեկչության մասին

Լը Պենը հայտարարել է, որ Մակրոնը չունի ահաբեկչության դեմ պայքարի հստակ ծրագիր եւ փաստացի «կարեկցում է իսլամական ահաբեկչությանը»: «Ազգային ճակատի» առաջնորդի խոսքով, ահաբեկչությունը Ֆրանսիայի առջեւ կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է, եւ իր ընտրվելու դեպքում, ինքը անհապաղ պայքար կսկսի այդ սպառնալիքի դեմ:

«Դրա համար պետք է վերականգնել սահմանները, եւ ես անհապաղ կանեմ դա ընտրվելու դեպքում: Այնուհետեւ երկրից կարտաքսվեն բոլոր նրանք, որոնց վերաբերյալ հատուկ ծառայությունները թղթապանակներ ունեն՝ կապված իսլամիզմի հետ»,-ասել է Լը Պենը:

Հակադրվելով իր ընդդիմախոսին, Լը Պենը նաեւ հավելել է, որ Մակրոնին համարում է մի անձ, որն անուղղակիորեն կապված է Ֆրանսիայում արմատական ուղղվածության խմբերի ամրապնդման հարցում շահագրգիռ շրջանակների հետ: «Իսլամիզմը պետք է արմատախիլ անել, բայց Դուք դա չեք անի, որովհետեւ ենթակա եք դրան: Նրանք վերահսկում են Ձեզ, եւ այդ մասին սարսափելի է անգամ խոսել, որովհետեւ դա կարող է մեր երկրի համար լուրջ հետեւանքներ ունենալ»,-ընդգծել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Մակրոնն, իր հերթին, ընդգծել է, որ արդյունավետ քայլ չի համարում սահմանները փակելու վերաբերյալ Լը Պենի առաջարկությունը: Նա խոստովանել է, որ ինքը եւս դեմ չէ առավել վտանգավոր տարրերին երկրից արտաքսելու հնարավորությանը, բայց համաձայն չէ Լը Պենի առաջարկին՝ պոտենցիալ իսլամիստներին զանգվածաբար արտաքսելու վերաբերյալ: «Ոմանց ստիպված կլինենք արտաքսել, բայց ես առաջարկում եմ վիրաբուժական մոտեցում, ոչ թե գլոբալ, ինչպես տիկին Լը Պենն է առաջարկում»,-ասել է Մակրոնն ու հավելել. «Սահմանները փակելու ոչինչ չի տա: Աշխարհում կան երկրներ, որոնք դուրս են Շենգենյան գոտուց, վերահսկում են իրենց սահմանները, բայց նրանց մոտ, ցավոք, տեղի են ունենում նույնպիսի ահաբեկչություններ, ինչպես մեզ մոտ: Ավելին, հիշեցնեմ, որ Շենգենը թույլ է տալիս սահմանների փակում, ինչը մենք արեցինք 2015 թվականի նոյեմբերի ահաբեկչությունից հետո սահմանապահ վերահսկողություն սահմանելով»,-ասաց նա:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասին

Մակրոնի արտաքին քաղաքականության ուղղությունն է անկախ ու հզոր Ֆրանսիան,որը Եվրոպայի մասն է: Նրա խոսքով՝  աշխարհն ավելի անկայուն է դառնում: Մակրոնը ահաբեկչության դեմ պայքարում Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Մոսկվայի հետ քննարկել Ուկրաինայի եւ Սիրիայի իրավիճակը, սակայն հավաստիացրել է, որ «չի ենթարկվի պարոն Պուտինի թելադրանքին»: Լը Պենն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան հիմա ԱՄՆ-ի եւ Գեմանիայի նկատմամբ ենթակայի դիրքում է: Նրա կարծիքով՝ Ֆրանսիան պետք է ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից «հավասար հեռավորություն պահպանի»: Մենք ոչ մի հիմք չունենք Ռուսաստանի հետ «սառը պատերազմ» վարելու համար, նշել է նա:

Եվրոպայի եւ եվրոյի մասին

Մակրոնը Լը Պենին հանդիմանել է ԵՄ հանդեպ ընդդիմադիր տրամադրվածության համար, եւ նրան կոչ է արել առավել կոնրետ լինել՝ մասնավորապես խնդրելով ներկայացնել, թե ֆրանսիական արժույթի ինչպիսի տեսլական ունի: «Այն, ինչ դուք առաջարկում եք՝ «արժույթների պատերազմ» է»,- ասել է էկոնոմիկայի նախկին նախարարը: Իր հերթին Լը Պենն ընդդիմախոսին հիշեցրել է, որ մինչեւ եվրոյի ներդրումը Ֆրանսիան սեփական ազգային արժույթ ուներ: Դրանից զատ, նա հայտարարել է Ֆրանսիայի ինքնիշխանությունը վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Լը Պենը հիշատակել է նաեւ Ֆրանսիայի վրա Գերմանիայի ազդեցության մասին: «Ֆրանսիան ցանկացած դեպքում կին կղեկավարի: Եթե դա ես չլինեմ, ապա կլինի Մերկելը»,- հայտարարել է նա:

Հեռուստաբանավեճը դիտել է մի քանի միլիոն մարդ:  BFMTV հեռուստաալիքի հարցման արդյունքներով՝ հեռուստադիտողների  63%-ը Մակրոնին  ավելի համոզիչ է համարել: