Կառավարությունը փոքր բիզնեսին կօգնի նոր սերնդի դրամարկղային սարքեր ձեռք բերելու հարցում, որոնք անհրաժեշտ են մանրածախ առեւտրի համար: Համապատասխան որոշումն ընդունվեց մայիսի 4-ին՝ կառավարության նիստում: Այս նպատակով կհատկացվի 180 մլն դրամ (մոտ 370 հազար դոլար):

Խոշոր բիզնեսն այս սարքերն արդեն տեղադրել է, իսկ փոքր բիզնեսը (մինչեւ 10 մլն դրամ՝ 20 հազար դոլարից փոքր-ինչ ավելի շրջանառությամբ) պետք է տեղադրի մինչեւ 2018 թվականը: Նոր սերնդի սարքերն ուղիղ միացված են հարկային ծառայությունների սերվերներին, որտեղ ռեալ ժամանակում փոխանցում են առեւտրային գործարքների տվյալները:

Պետեկամուտների կոմիտեի պետ Վարդան Հարությունյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ նոր սարքերը պետք է տեղադրել առեւտրի 25 հազար սուբյեկտների մոտ: Որպես փոքր բիզնեսին աջակցություն կառավարությունը կսուբսիդավորի արժեքի մի մասը, իսկ սահմանամերձ գյուղերում այն անվճար կստանան: