Չինական մշակման ուղեւորատար առաջին օդանավը ուրբաթ կատարել է առաջին թռիչքը: Չինացի արտադրողների մտահղացմամբ՝ Comac C919-ը պետք է դառնա Boeing 737-ի եւ Airbus A320-ի մրցակիցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաջողության դեպքում C919-ը կդառնա չինական միջինմայրուղային առաջին օդանավը, որին կհաջողվի մտնել ավիափոխադրումների միջազգային շուկա: Այն պատկանում է պետական Comac ընկերությանը:

Օդանավը նախատեսված է մինչեւ 168 ուղեւորների համար: Այն թռիչքներ կկատարի մինչեւ 5,5 հազար կմ հեռավորությամբ:

Չինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավի արժեքը կկազմի մոտ 50 մլն դոլար, որը Boeing 737-ի կամ Airbus A320-ի գնի կեսից  փոքր-ինչ պակաս է:

Օդանավը երկինք է բարձրացել Շանհայի միջազգային օդանավակայանից: Այստեղ է տեղակայված ընկերության արտադրական կենտրոնի հավաքման հոսքագիծը

Օդանավի հիմնական գնորդը կլինի China Eastern Airlines ավիաընկերությունը:

Թռիչքների անվտանգության եվրոպական կարգավորողն արդեն սկսել է օդանավի հավաստագրումը՝ սա առանցքային փուլ է, որն օդանավին թույլ կտա միջազգային շուկա մտնել: