ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին եւ ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները եւ ներկայացնել միջոցառումների ժամանակացույց: