Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին նախատեսում է սեպտեմբերի 7-11-ը Բաքվում քննարկել խոսքի ազատության հետ կապված իրավիճակը,- հաղորդում է 1news.az-ը։

Այցի շրջանակներում Հարաշտին Բաքվում կքննարկի ադրբեջանական ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակը, կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ՈԿԿ-ների ներկայացուցիչների, Բաքվում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված հարցերը, մասնավորապես ձերբակալված բլոգերների ու Ադրբեջանում արևմտյան ռադիոկայանների հեռարձակման դադարեցման հարցերը վերջերս Բաքու կատարած իր այցի ժամանակ բարձրացրել էր նաև Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ «Մենք ներկայացրել ենք այդ հարցերը Ադրբեջանի նախագահին և կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության շրջանակներում և խթանի խոսքի ազատության սկզբունքների ապահովմանը»,- հայտարարել էր Բրայզան։