Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ առ մեկ այցելելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր՝ ոռոգման շրջանի մեկնարկին եւ ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:
ՋՏՊ կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՋՏՊԿ նախագահն արդեն հասցրել է լինել Արմավիրի եւ Կոտայքի մարզերում: Ա. Հարությունյանը տեղում ծանոթացել է ոռոգման շրջանին ընդառաջ կատարված աշխատանքներին՝ ջրատարների մաքրում, վերանորոգում, ինչպես նաեւ՝ ոռոգման շրջանում ծագող խնդիրներին. «Ես հակված եմ այն մոտեցմանը, որ խնդիրների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է դրանք տեսնել հենց տեղերում: Այդ պատճառով էլ առաջիկա շաբաթների ընթացքում մեր մարզային այցելությունները կշարունակենք: Որոշեցինք մեր այցերի մասին նախապես տեղյակ չպահել, որպեսզի ականատես լինենք տիրող իրավիճակի, այսպես ասած, «չսրբագրված» տարբերակին»,- ասում է ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:
Արմավիրի եւ Կոտայքի մարզերում ՋՏՊԿ պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ոլորտի տարածքային պատասխանատուների, ՋՕԸ տնօրենների, այլեւ գյուղացիների եւ ջրօգտագործողների հետ՝ հենց նրանցից ծագող խնդիրների եւ կատարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար. «Բացի այն, որ մեզ համար շատ կարեւոր է հենց տեղում խնդիրների եւ կարիքների գույքագրում իրականացնելը, մենք նաեւ ցանկանում ենք լսել ջրօգտագործողների, գյուղացիների կարծիքներն ու առաջարկները: Ես եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ոռոգման համակարգի հետ կապված յուրաքանչյուր մարդու խնդիր, բողոք, առաջարկ լինելու է անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ես ինքս վերահսկելու եմ, որ որեւէ խնդիր անարձագանք չմնա»,- ասում է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ մարզային այցելությունների համար հստակ օրեր նախանշված չեն: Դրանց համար ՋՏՊԿ պաշտոնյաներն օգտագործում են նաեւ ոչ աշխատանքային հայտարարված օրերը:




























