Գրիգոր Ավետիսյանի բնակարանում հայելու առջեւ արտասովոր մոմակալ է դրված։ Ժամանակին այն մեծ արկի մի մաս է եղել, որը հրաշքով չի պայթել՝ պահպանելով Գրիգորի եւ նրա մարտական ընկերների կյանքը։ Ամեն անգամ դրան նայելով՝ Գրիգորը հիշում է, թե ինչպես է այն հայտնվել իր մոտ։
«Եթե այդ արկը պայթեր, այսօր դուք կխոսեիք մեկ ուրիշի հետ»..., - այդ խոսքով Գրիգոր Ավետիսյանը սկսեց իր պատմությունն իրերի մասին, որոնք նա իր հետ բերել է ղարաբաղյան պատերազմից եւ Շուշիի ազատագրման իր հիշողությունների մասին։
Եթե արկը պայթեր...
Արցախի Շուշի քաղաքի մերձակայքում Կրկժան կոչվող բարձունքներ կան։ Այնտեղ տեղակայված էր Շուշիի եւ Ստեփանակերտի միջեւ գտնվող համար 26 մարտական հենակետը, որը հայերի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Եթե թշնամին զավթեր այդ կետը, պատերազմի ընթացքի վրա դա լուրջ ազդեցություն կարող էր ունենալ։ Երկու կողմերն էլ դա լավ էին հասկանում։ Ադրբեջանցիները բազմիցս փորձել են գրավել այդ կետը, հայերը, ջանքեր չխնայելով, պաշտպանվել են։
Ադրբեջանցիների ամենախոշոր հարձակումներից մեկը տեղի ունեցավ ապրիլի 29-ին՝ Շուշիի ազատագրումից ընդամնեը մեկ շաբաթ առաջ։ Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ հայերը կարողացան հետ մղել նրանց՝ չնայած բազում կյանքերի գնով։
26-րդ մարտական հենակետի համար թեժ մարտերի բովում Գրիգոր Ավետիսյանն ու նրա ընկեր Վանիկ Ստեփանյանը (Սարգիս Ստեփանյանի հայրը) պառկած էին խրամատում, երբ հանկարծ շատ մոտիկից սուլոց ու խլացուցիչ թնդյուն լսեցին։ Ընկնող արկի ձայնը նրանց լավ ծանոթ էր։
Թվում էր թե, ահա եւ վերջ, սակայն հանկարծ ամեն ինչ լռեց, իսկ ընկերները փորձեցին պարզել, թե ի՞նչ է եղել եւ բոլորը ո՞ղջ են։
«Ես գլուխս բարձրացրեցի, հարցրեցի՝ Վանիկ ողջ ե՞ս։ Ողջ եմ, իսկ դու՞։ Ես էլ եմ ողջ – պատասխանեցի ես», - հիշում է Գրիգոր Ավետիսյանը։
Զննելով՝ նրանք գտան արկը, որը նրանցից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ էր ընկել, այն ճեղքվել էր, սակայն չէր պայթել, ինչի շնորհիվ ոչ Գրիգորն ու Վանիկը, ոչ մերձակայքում գտնվող այլ մարդիկ, չէին տուժել։
«Եթե այդ արկը պայթեր, ոչ միայն ես, այլեւ Վանիկն այժմ չէր լինի։ Բայց նրա որդին՝ հերոսը, կլիներ, չէ՞ որ նա ծնվել էր մինչ ղարաբաղյան պատերազմը», - հիշում է Գրիգորը։
Իր կյանքը պահպանած արկը Գրիգորը որոշել է իր հետ տուն տանել։ Բացի արկը, նա Լեռնային Ղարաբաղից բերել է նաեւ Հեմինգուեյի գիրքը, որ փրկվել է հրդեհից՝ արցախյան գյուղերի գրադարաններից մեկում հրդեհի ժամանակ։ Այդ գիրքը գտել եւ նրան է նվիրել Հրանտ անունով իր ընկերը։ Նա նաեւ մակագրել է այն ի հիշատակ։
Գրիգոր Ավետիսյանը նաեւ իր հետ բերել է ռազմական համազգեստ, որն իրեն նվիրել է Կոմանդոսը։
Քարոզչության առաջին զոհը
Գրիգոր Ավետիսյանը նախապես Լեռնային Ղարաբաղ է մեկնել ոչ թե ռազմական գործողություններին մասնակցելու, այլ «քարոզչական» ֆիլմ նկարահանելու նպատակով, որը ֆիդայիների շարքեր նոր կամավորների պետք է ներգրավեր։
«Ես Ղարաբաղ մեկնեցի որպես օպերատոր, իսկ այնտեղից վերադարձա որպես բրիգադի շտաբի պետի օգնական։ Ես պետք է ֆիլմ նկարահանեի եւ ցույց տայի, թե ինչ է այնտեղ կատարվում եւ թե որքան են այնտեղ անհրաժեշտ կամավորներ, ես այդ ֆիլմով մարդկանց պետք է ոգեշնչեի մեկնել այնտեղ։ Բայց առաջին իսկական մարտից հետո ես հասկացա, որ չեմ կարող պարզապես նկարահանել՝ նրանց մարդիկ են անհրաժեշտ։ Ստիպված եղա մի կողմ դնել տեսախցիկն ու ձեռքս զենք վերցնել։ Ես ցանկանում էի «քարոզաչական» ֆիլմ նկարահանել, սակայն ինքս էլ դարձա «քարոզին զոհ»՝ մնացի կռվելու Ղարաբաղում»,-պատմում է Գրիգորը։
Ի դեպ, ֆիլմ նա նկարահանեց։ Առկա ժապավեններից մասնագիտությամբ ռեժիսոր Գրիգորը հավաքել է «Պատերազմ ենք խաղում» փաստագրական ֆիլմը՝ նվիրված Յուրա Հովհաննիսյանին։
Ինչո՞վ են «ռեմբո»-ները տարբերվում ֆիդայիներից
Գրիգոր Ավետիսյանի կարծիքով՝ Շուշիի ազատագրության համար կռված տղաներին կարելի է երկու խմբի բաժանել՝ «ռեմբոներ» եւ ֆիդայիներ։ Առաջինների նպատակը մեկն էր՝ իրենց ցուցադրելը։ Նրանք սիրում էին կրել ռազմական համազգեստ, պատրոնտաշ, երբեք չէին խուսափում տեսախցիկներից եւ ռազմական թղթակիցներին պատմում էին իրենց սխրանքների մասին։ Սակայն իսկական մարտերի ժամանակ նրանց վրա չէր կարելի հույս դնել։
Ֆիդայիներն իրենց համեստ էին պահում, աչքի ընկնել չէին սիրում։ Տեսախցիկներից նրանք խուսափում էին, խուսափում էին նաեւ իրենց մասին պատմելուց եւ երբեք չեն փորձել իրենց ցուցադրել որպես քաջագործներ։
Ֆիդայիները երբեք չեն ասում, որ իրենք ֆիդայի են։ Նրանք պարզապես լռությամբ անում են իրենց գործը՝ ծառայում հայրենիքին։ Ինչպե՞ս տարբերել ֆիդայիներին «ռեմբոներից»։ Հեշտ է։ Մարտի դաշտում լուրջ հարձակումների ժամանակ մնում են իսկական ֆիդայիները, «ռեմբոները» փախչում են»։
Երբեմն աչքի ընկնելու եւ իրենց ցույց տալու ցանկության պատճառով «ռեմբոները» խաթարել են շատ կարեւոր գործողություններ։
Գրիգոր Ավետիսյանը միջադեպ է հիշել, երբ նման «ռեմբոյի» պատճառով գաղտնի մարտական հենակետը ստիպված են եղել տեղափոխել այլ վայր։ Չնայած հրամայված էր չկրակել, որպեսզի թշնամիները չիմանան այդ մարտական կետի գտնվելու վայրի մասին, «ռեմբոներից» մեկը, բղավելով «Ես թուրքերից չեմ վախենում։ Ի մարտ», առաջ է նետվել ու սկսել կրակել թշնամիներին՝ դրանով հանդերձ մատնելով իր ընկերների դիրքերը։
Հոգեբանական հարձակում եւ «հաջողություն, մարտկոց»
«Հարսանիքը լեռներում» գործողությունը, որի արդյունքում հայկական ուժերն ազատագրեցին բլրի գագաթին գտնվող Շուշի քաղաքը, հաջողվեց շատ գործոնների, այդ թվում՝ գործողությանը նախորդած երկարատեւ նախապատրաստությունների շնորհիվ։
Ինչպես պատմել է Գրիգոր Ավետսիյանը՝ մինչ գործողությունը մեկ ամսվա ընթացքում հայկական ուժերը մի քանի անգամ հոգեբանական հարձակումներ են իրականացրել, որոնք խուճապ էին առաջացնում քաղաքը պաշտպանող ադրբեջանցիների շարքերում։ Մշտապես լարված նրանք յուրաքանչյուր վայրկյան իսկական հարձակման էին սպասում։
1992 թվականի ապրիլի կեսերին Գրիգոր Ավեստիյանը պետք է տեսագրեր հոգեբանական հարձակումներից մեկը։ Վանիկ Ստեփանյանը բլրի ստորոտին 30 ազդանշանային հրթիռ տեղադրեց, որպեսզի դրանք վառի ու քաղաքում տագնապ բարձրացնի։ Թվում էր, թե ամեն ինչ պատրաստ է, սակայն հրթիռները վառել չէր հաջողվում, լարումը չէր բավարարում, որն ապահովվում էր ընդամենը մեկ դաշտային հաղորդալարով։
Սկսեցին մտածել՝ ի՞նչ անել, որտեղի՞ց հոսանք գտնել։ Նույնիսկ մտածում էին նոր հաղորդալար բերել, սակայն դա շատ ժամանակ կպահանջեր, որը չկար։
«Այդ ժամանակ ես որոշեցի, որ կարելի է զոհաբերել արվեստը հանուն այդ գործողության հաջողության։ Իմ տեսախցիկից հանեցի մարտկոցն ու տվեցի Վանիկին։ Ամեն ինչ գործեց, հրթիռները հաջողվեց պայթեցնել, քաղաքում տագնապ սկսվեց։ Ամեն ինչ ստացվեց, ինչպես ծրագրված էր՝ թշնամու շարքերում տագնապ սկսվեց, նրանք կուրորեն սկսեցին կրակել։ Սակայն, ափսոս, այդ ամենն ինձ չհաջողվեց տեսագրել՝ տեսախցիկը մնաց առանց մարտկոցի», - հիշում է Գրիգոր Ավետիսյանը։




























