Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել մայիսի 7-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության աշխատակիցների միջը տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, 23-ամյա Վահե Ասատրյանի, Երեւան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Հովհաննես Թադեւոսյանի, 33-ամյա Կարեն Թադեւոսյանի, 24-ամյա Նարեկ Աղայանի, 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի եւ 33-ամյա Արմեն Մուրադյանի, Շիրակի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի միջեւ։ 

Աղբյուրի տեղեկություններով, խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր նախ բռնություն են կիրառել ՃՈ ծառայողների նկատմամբ, այնուհետեւ դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ 

Նշվում է, որ Ա. Մկրտչյանը, Հ. Թադեւոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը, Կ. Թադեւոսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում։ Տուժածներից Զ. Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա. Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։ 

Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլեւ վնասել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Ա. Մկրտչյանը, Հ Թադեւոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը եւ Կ. Թադեւոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների: Ոստիկանության աշխատակիցները ավագ տեսուչներ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն: