Մայիսի 5-6-ը «3 սերունդ» շարժման անդամ 3 արտադրողներ՝ «Կոթի պրոդուկտ», «Սարի հովիվ» եւ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա-Արոմա դել վինո» ընկերությունները, մասնակցել են Երեւանյան գինու օրերին:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ պանրի արտադրությամբ զբաղվող ձեռներեցներն այցելուներին էին հյուրասիրում իրենց արտադրության էկոլոգիապես մաքուր պանիրները: Արտադրողները ներկայացնում են Հայաստանի 3 մարզերը՝ Տավուշ, Լոռի եւ Գեղարքունիք: Երեւանյան գինու օրերին  արտադրողները մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի աջակցությամբ: Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության եւ ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում: 

Ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր «Ի-վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությոնը նախաձեռնել է «3 սերունդ» շարժումը, որի գերագույն նպատակներից մեկը մարզերում աշխատող փոքր ձեռնարկությունների զարգացումն է, այդպիսով՝ արտագաղթի կանխումը հատկապես սահմանամերձ մարզերից: «3 սերունդը» նաեւ ընդհանուր բրենդ է շարժման մեջ ներգրավված արտադրողների համար: «3 սերունդ» պիտակի առկայությունը նաեւ հավաստում է, որ այն կրող արտադրանքը համապատասխանում է որակի բարձր չափանիշների, որոնք սահմանվել են տեղական եւ միջազգային փորձագետների ակտիվ ներգրավմամբ: