Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ նախագահին պետական պարգեւը շնորհվել է Արցախի տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար: Իր շնորհակալական խոսքում Արտակ Շաբոյանը նշել է, որ համատեղ ջանքերը նպաստել են, որպեսզի նոր ծրագրերով ու գաղափարներով հասնենք արմատական լուրջ բարեփոխումների, որոնց ընթացքն անշուշտ լինելու է շարունակական:
«Այսօրվա Ձեր գնահատանքը իհարկե հետեւանքն է մեր այսքան տարիների սերտ համագործակցության, որը լիահույս եմ դեռ շատ ու շատ տարիներ պիտի հաստատուն շարունակություն ունենա: Մենք անում, եւ անշուշտ անելու ենք մեր ուժերի ներածին հնարավոր ամեն բան՝ հայ մարդու վաղվա օրն էլ ավելի պայծառ ու լուսավոր դարձնելու համար: Իհարկե մենք լավ ենք հասկանում, որ մեր երկիրն ու մեր սահմանները ամուր են այնքան, քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունն ու պարտքը հայրենիքի ու այն գործի հանդեպ, որն իրեն վստահվել է: Համոզված եմ, յուրաքանչյուրս մեր փորձն ու գիտելիքները ներդնելով եւ մեր աշխատանքը անելով բարեխիղճ ու նվիրված՝ կարեւոր ներդրում ենք ավելացնում մեր պետականաշինության գործում»,-ասել է Շաբոյանը:




























