Հայ-ռուսական համալսարանը ներկայացոնղ Կարեն Մնացականյանի թիմը օրերս  դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի երիտասարդական առաջնության  առաջնության հաղթող՝ անզիջում պայքարում մեկ միավորով շրջանցեց Էդգար Սերոբյանի թիմին`իրավունք ստանալով ներկայացնել Հայաստանը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» երիտասարդական թիմերի Եվրոպայի առաջնությանը:

Գիտակների հայկական ասոցիացիայից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցականների առաջնությունում վստահ հաղթանակ տարավ Լաերտ Բաղդասարյանի թիմը, որը կներկայացնի Հայաստանը մայիսին բելոռուսական Գոմել քաղաքում անցկացվող դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունում։

Դպրոցական եւ ուսանողական առաջնությունները անցկացվեցին մայիսի 7-8-ը Հայ-Ռուսական Համալսարանի հիմնադրման քսանամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոնի ժամանակ, որին մասնակցեց շուրջ երկու հարյուր գիտակ Հայաստանից եւ Արցախից:

«Հայ-ռուսական համալսարանը երկար տարիներ  մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: Բուհը մշտապես սատարում է ստեղծագործական եւ ինտելեկտուալ մրցույթներին` այդ թվում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների եւ ուսանողների թիմերը պատվով կներկայացնեն մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում», - նշեց «Գիտակների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:

«Ինչ, Որտեղ, Երբ» խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 12-ին Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն), երիտասարդական առաջնությունը կկայանա սեպտեմբերին: Առաջնություններին մասնակցում են տասնյակ թիմեր` իրենց երկրների առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ: