2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին 21-ամյա Արմեն Հակոբյանը զինծառայող էր ԼՂՀ Հադրութի շրջանում։ «Ապրիլի 1-ին մենք բարձրացանք դիրքեր, որ փոխարինենք տղաներին։ Մոտ ժամը 22։55-ին մենք լսեցինք մի քանի պայթյուն ու հասկացանք, որ բախում է սկսվել։ Ամբողջ գիշեր մենք ասես հրավառություն լինեինք դիտելիս, ամբողջ երկինքը կարմիր էր։ Երբ Ջաբրայիլում հակառակորդը վերցրեց մեր դիրքերը, դա ինձնից այդքան էլ հեռու չէր։ Մենք այդ ամենը տեսնում էինք»,- պատմում է Արմենը։

Այդ օրերին մարտական դիրքերում հայրենիքի պաշտպանները ինչպես կարող էին, աջակցում էին իրար, ասում, որ ամեն ինչ լավ կլինի։ «Այդ ամենը գրեթե 5 օր տեւեց։ Այդ օրերին մենք առհասարակ դիրքերը չէինք լքում։ Արդեն ապրիլի 14-ին կամ 15-ին, ճշգրիտ չեմ հիշում, երբ ամեն ինչ հանգիստ էր, ադրբեջանական կողմը փորձեց հարձակում կազմակերպել Հադրութի ուղղությամբ՝ մի քանի տանկերով։ Բայց հետո հանկարծ, չգիտեմ, ինչպես պատահեց, նրանք հետ շրջվեցին ու նահանջեցին։ Երբ մենք արդեն կրակելու հրաման ունեինք, նրանք անսպասելիորեն նահանջեցին»,- հավելում է Արմենը։

Անցած տարվա ամռանը նա զորացրվել է ու սեպտեմբերին ընդունվել «Հայբուսակ» համալսարան։ Արմենն ատամնատեխնիկ է դառնալու։

Խոսելով այն մասին, թե ինչ է իրեն տվել բանակում ծառայությունը ու հատկապես ապրիլիան իրադարձությունները, նա տխուր ժպտում է «Անկեղծ ասած՝ ես նախընտրում եմ չհիշել այդ իրադարձությունները։ Մեզ համար շատ դժվար էր իմանալ այս կամ այն զինծառայողի, մեր ընկերոջ մահվան մասին։ Գիտակցում ես, որ ցանկացած պահի կարող ես զոհվել, ու հավանականությունը, որ դու ողջ կմնաս, կազմում է ընդամենը 1 տոկոս»։