Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելու պահից սկսած դիտարկում էր ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնից Ջեյմս Քոմիին հեռացնելու հնարավորությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է BBC –ն։

Նախագահական վարչակազմի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սարա Սանդերսի խոսքով, Թրամփը կորցրել էր Քոմիի նկատմամբ վստահությունը նրա մի քանի թերացումներից հետո, իսկ նրան աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է, երբ ՀԴԲ-ի ղեկավարի նկատմամբ իր անվստահության մասին նրան հայտնել է նաեւ արդարադատության փոխնախարարը։

«Վերջին մի քանի ամիսներին նախագահը չէր վստահում Քոմիին, արդարադատության նախարարությունը կորցրել էր Քոմիի նկատմամբ վստահությունը, Կոնգրեսի անդամները՝ երկու կուսակցության ներկայացուցիչները, հասկացրել էին, որ չեն վստահում Քոմիին, ու ամենակարեւորը, ՀԴԲ-ի շարքային աշխատողներն էին կորցրել վստահությունը իրենց տնօրենի նկատմամբ»,- ասել է Սանդերսը։

Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով Թրամփը ամբողջովին վստահում է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբին ու ցանկանում է, որ հատուկ ծառայությունը շարունակի սովորական ռեժիմով զբաղվել հետաքննությամբ։

Նա նաեւ հերքել դեմոկրատ սենատորների մեղադրանքները, որոնք Քոմիի հեռացումը կապակցում էին Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի իրականացվող հետաքննության հետ։