Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին հրավիրել է ցուցմունքներ տալու մայիսի 16-ին, փակ լսումների ժամանակ, հայտնել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Բերրայի ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ամենաբարձրաստիճան դեմոկրատ Մարկ Ուորները հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի հետ միասին ինքը դիմել է Քոմիին՝ խնդրելով ելույթ ունենալ հաջորդ շաբաթ ծրագրված լսումներին։ Դեռ հայտնի չէ՝ կընդունի արդյոք այդ հրավերքը Քոմին, որին նախօրեին է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել ՀԴԲ ղեկավարի պաշտոնից։
«Մենք դեռ նրանից պատասխան չենք ստացել։ Մենք այսօր առավոտյան ենք նրան ուղարկել նամակը»,- ասել է սենատոր Ուորները։
Ջեյմս Քոմին պետք է մայիսի 11-ին մասնակցել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի բաց ու փակ լսումներին։ Սակայն նրա փոխարեն հիմա ելույթ կունենա ՀԴԲ ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մակկաբին։




























