Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 11-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստից հետո Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ իր առողջական վիճակը համեմատաբար լավացել է: Լրագրողների հարցին՝ ինչպես է զգում իրեն վերջին դատական նիստի ընթացքում վատանալուց հետո, նա պատասխանեց. «Ոչինչ, արդեն լավ եմ»:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը վատացել էր, նրա համար շտապօգնություն էին կանչել:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: