Հայաստանի Պետեկամուտների կոմիտեում միջին աշխատավարձը պետք է լինի առնվազն 300-350 հազար դրամ (մոտ 720 դոլար – խմբ)։ Այս մասին մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։

Նա ասել է, որ այժմ պետեկամուտների կոմիտեում միջին աշխատավարձը բարձր չի կարելի անվանել։ Այն հարցին, թե որքա՞ն է այդ ոչ բարձր աշխատավարձը, Հարությունյանը պատասխանել է. «150-200 հազար դրամ։ Ինչպես տեսնում եք, կարծիքներն այն մասին, թե հարկայինում աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում, չի համապատասախանում իրականությանը»։

Այն նկատողությանը, թե այդ թվերը Հայաստանի ցուցանիշներով, այնքան էլ ցածր չեն, ամեն դեպքում, բարձր են ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձից, Հարությունյանը պատասխանել է. «Միջին աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի։ Առնվազն 300-350 հազար դրամ, որովհետեւ մեր գերատեսչությունը պատասխանատու է հարկերի գանձման համար, որոնք ծառայում են երկրին»։

Նշենք, որ միջին անվանական աշխատավարձը Հայաստանում 2017 թվականի մարտին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 188 հազար դրամից մի փոքր պակաս։ Սակայն դրանում ներառվում են միայն ըստ աշխատանքային պայմանագրերի աշխատավարձերը։ Բավականին ծավալուն ոչ պաշտոնական ոլորտը, հիմնականում ցածր աշխատավարձերով, այստեղ չի ներառվում (բենզալցակայաններ, շուկաներ եւ այլն)։