2017 թվականի սկզբից ինքնազբաղված մարդկանց հարկերի ազատումից օգտվել է արդեն մոտ 1200 մարդ: Այս մասին մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Ինքնազբաղված մարդկանց համար հարկային արտոնությունների մասին» օրենքը տարածվում է գործունեության 23 տեսակի վրա: Դա հիմնականում բնակչությանը տրամադրվող փոքր ծառայություններն են՝ հագուստի կար եւ նորոգում, հյուսնի աշխատանքներ, կենցաղային տեխնիկայի նորոգում, հյուրատների միջոցով հյուրանոցային ծառայություններ:

Ինքնազբաղված են համարվում տարեկան մինչեւ 9 մլն դրամ շրջանառությամբ ֆիզիկական անձինք կամ մասնավոր ձեռներեցները, որոնք վարձու աշխատողներ չունեն, գործում են միեւնույն հասցեով եւ համատեղ տնտեսական գործունեության պայմանագրեր չունեն:

Հարկայինի ակնկալմամբ՝ այս օրենքով հարկերից կազատվի ընդամենը մոտ 2 հազար մարդ: Սա բյուջեին տարեկան մոտ 400 մլն դրամ (մոտ 830 հազար դոլար) կարժենա: