ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու եւ անասնաբուժական վկայական կեղծելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ հիշյալ տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Հակոբյանը, պատասխանատու լինելով Արարատի մարզի տարածքում անասնաբուժության բնագավառի պետական վերահսկողության համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառքի դիմաց, Արարատ գյուղի անասնաբույժ Արմեն Մանուցյանին դրդել է կազմել եւ իրացնել հետին ամսաթվով թվագրված կեղծ անասնաբուժական վկայական:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արարատ գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանի կողմից առանց համապատասխան անասնաբուժական վկայականի Վայոց ձորի մարզ տեղափոխվող ոչխարի հոտը Երեւան–Մեղրի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել, որի հետեւանքով սատկել է 59 գլուխ գառ եւ ոչխար: Վրաերթից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած Հ. Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, տեսնելով, որ բացակայում է ոչխարների հոտը մարզից մարզ տեղափոխելու իրավունք վերապահող, ինչպես նաեւ վերը նշված դեպքի հետ կապված ապահովագրական հատուցման համար անհրաժեշտ անասնաբուժական վկայականը, այն տրամադրելու նպատակով դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ գլխավոր մասնագետ-տեսուչ Հ. Հակոբյանին:
Վերջինս, համաձայնվելով կաշառքի դիմաց հետին ամսաթվով թվագրված անասնաբուժական վկայական տրամադրելու Լ. Սարգսյանի առաջարկին, Արարատ գյուղի անասնաբույժ Ա. Մանուցյանին հանձնարարել է կազմել նշված կեղծ վկայականը` Լ. Սարգսյանի հետ համաձայնության գալով կաշառքի շուրջ: Արդյունքում Հ. Հակոբյանը, չկատարելով անասնաբուժության բնագավառում ի պաշտոնե ստանձնած իր լիազորություննները, առանց ոչխարների հոտի` անասնաբուժական զննման եւ անհրաժեշտ բուժկանխարգելիչ հետազոտությունների, Ա. Մանուցյանի միջոցով Լ. Սարգսյանից կաշառք է ստացել՝ վերջինիս օգտին ապօրինի գործողություններ կատարելու` կեղծ անասնաբուժական վկայական տրամադրելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Մանուցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ եւ 325-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Լ. Սարգսյանին` 312-րդ եւ 325-րդ հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























