Մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:

ՔԿՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվեցին նաեւ մի շարք կարեւորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձեւաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ կարեւորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Կարեւոր է արձանագրել, որ Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ ընտրվեց ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ով, երախտագիտություն հայտնելով Խորհրդի անդամների վստահության համար, առաջարկեց 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում, ինչը եւս ընդունվեց Խորհրդի միաձայն որոշմամբ: