Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը հայտնել է այն 428 թեկնածուների անունները, որոնք կուսակցության կողմից մասնակցելու են երկրի խորհրդարանական ընտրություններին, ցուցակում կա մի կին ցլամարտիկ, մաթեմատիկոս, կոռուպցիայի դեմ պայքարող գործիչ ու օդաչու, հայտնում է The Guardian-ը ։

Նախկին ցլամարտիկ Մարի Սարուն պայքարելու է պատգամավորի մանդատի համար Ֆրանսիայի հարավում։

Մյուս նշանավոր թեկնածուն Սեդրիկ Վիլլանին է, որը 2010-ին պարգեւատրվել է Ֆիլդսի շքանշանով, որը մաթեմատիկայի ոլորտում համազոր է Նոբելյան մրցանակին։ Էրիկ Հալֆենն էլ կոռուպցիայի դեմ հայտնի պայքարողներից է, իսկ Մարիոն Բաչետը՝ ռազմաօդային ուժերի օդաչու, որը ծառայել է Սիրիայում։

Պարբերականը գրում է, որ «Մակրոնը խոստացել է վերականգնել ֆրանսիական քաղաքական կյանքը՝ խորհրդարանի ստորին պալատ բերելով այնպիսի պատգամավորների, որոնք նախկինում երբեւէ չեն քայլել քաղաքական միջանցքներում»։ Նշում են, որ ընտրված նախագահը բացարձակ մեծամասնության կարիք ունի, որպեսզի կարողանա առաջ տանել իր կոշտ բարեփոխումները։