ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ութ օր անց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին հրավիրել էին Սպիտակ տուն՝ Թրամփի հետ մասնավոր ընթրիքի, որի ընթացքում նախագահը նրանից «հավատարմության» մասին երաշխիքներ էր պահանջել։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Հայտնում են, որ հենց այդ հանդիպումն է դարձել «այս շաբաթ Քոմիի պաշտոնանկության պատճառը»
Պարբերականը գրում է, որ ընթրիքի ժամանակ Թրամփն ու Քոմի քննարկել են ընտրությունները, նաեւ երդմնակալության արարողությունը, իսկ հետո նախագահը Քոմիին հարցրել է ՝ արդյոք նա կկարողանա հավատարիմ մնալ իրեն։ Քոմին չի կարողացել նման խոստում տալ։
Նշում են, որ Սպիտակ տունը չի հայտնում այդ խոսակցության մանրամասները, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սարա Հակաբի Սանդերսը առհասարակ հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով որ այն իրականությանը չի համապատասխանում։
Թրամփը Քոմիի ու հետախուզական վարչությունների մյուս ղեկավարների հետ հանդիպել էր այս տարվա հունվարին։ Հանդիպումը, որի ընթացքում խոսվել է հավատարմության մասին, ենթադրաբար կայացել է հունվարի 27-ին։




























