Հայաստանի ԿԸՀ-ն մայիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ մերժել է «Ելք» դաշինքի դիմումը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ՀՀԿ նախընտրական շտաբում ընտրակաշառքի բաժանման մասին ներկայացված լրացուցիչ դիմումը՝ կից փաստաթղթերով հանդերձ, ԿԸՀ-ի որոշմամբ ուղարկվելու է Հայաստանի Գլխավոր դատախազություն։

ԿԸՀ-ի ընդունած որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ դիմում ներկայացրած կողմը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ ներկայացված քվեաթերթիկները ԿԸՀ-ի կողմից հաստատված են եղել։ «Պարզ չէ նաեւ, թե հատկապես ինչ քվեաթերթիկներ են ներկայացվել»,- նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որոշումն ընթերցելիս։ ՀՀԿ շտաբում քվեաթերթիկի նմուշը, ըստ ԿԸՀ-ի որոշման, ակնհայտորեն տարբերվում է այն նմուշներից, որոնք հաստատվել են ԿԸՀ-ի կողմից։ «Այդ քվեաթերթիկները քարոզչական նյութ են»,- հավելել է Մուկուչյանը ։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա ըստ ԿԸՀ-ի որոշման, ներկայացված տեսանյութում չկան փաստացի ապացույցներ այդ մասին, ու անհրաժեշտ ապացույցներ, ըստ էության, չեն ներկայացվել։

Բացի դրանից ԿԸՀ-ն մայիսի 13-ին շարունակված արտահերթ նիստի ժամանակ մերժել է նաեւ «Ելք» դաշինքի երկրորդ դիմումը, որը պահանջում էր մի շարք միջոցառումներ ձեռնարկել՝ ՀՀԿ-ի շտաբերից մեկում կուսակցության կողմից ընտրակաշառքի բաժանման կապակցությամբ, նաեւ կանխելու համար ՀՀԿ-ի տրամադրության տակ գտնվող քվեաթերթիկների հայտնվելը ընտրատեղամասերում։