Հյուսիսային Կորեան արեւմտյան ափից անհայտ ծագման ռեակտիվ արկ է արձակել, հայտնում են հարավկորեացի զինծառայողները: Նախնական տվյալներով` արձակված արկը կարող էր բալիստիկ հրթիռ լինել, հաղորդում է BBC-ն:

«Հյուսիսային Կորեան այսօր լուսաբացին Փյոնան Պուկտո գավառի Կուսոն բնակավայրի շրջանում անորոշ տեսակի հրթիռ է արձակել», - «Ռենհափ» գործակալությունը մեջբերում է  Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը:

ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հաստատել է ԿԺԴՀ-ի հրթիռ արձակելու փաստը եւ նշել, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային չի եղել եւ չի սպառնացել Հյուսիսային Ամերիկային:

Դրա հետ կապված` Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ազգային անվտանգության նիստ է գումարել:

Հրիթռի մեկնարկը քննադատել է նաեւ Ճապոնիան: Ինչպես հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան` հրթիռը 30 րոպե անց ենթադրաբար ընկել է Ճապոնական ծովը: