Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգի սահմանամերձ շրջանների մոտ հազար բնակիչնր ստիպված են եղել լքել իրենց տները` Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ արդեն մի քանի օր շարունակվող փոխհրաձգությունների հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով PTI գործակալությանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Պակիստանի բանակն արդեն երկրորդ օրն անընդմեջ գնդակոծում է Ռաջոուրի շրջանի տարածքը: Նախօրեին Նոուշերա շրջանում գնդակոծության հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երեքը տուժել են: Կիրակի օրը, մոտ 06.45-ին հրաձգությունը վերսկսվել է, եւ, հնդկական կողմի տվյալներով, Պակիստանը հրետանի է կիրառել:
Իր հերթին, Ռաջոուրիի ոստիկանության ներկայացուցիչ Շահիդ Իքբալ Չոուդգարին հայտարարել է, որ գնդակոծության են ենթարկվել յոթ բնակավայրեր:
Նրա խոսքով`երեք բնակավայրից 259 ընտանիք է տարհանվել: Նոուշերա շրջանում անորոշ ժամկետով 51 դպրոց է փակվել, եւս 36-ը` երեք օրով Մանջակոտոի եւ Դունգի շրջաններում:




























