Վերջերս կազմալուծված Փաստահավաք խումբը հայտարարել է ոստիկանների անունները, ովքեր մարտի 1-ին ցուցարարների դեմ օգտագործել են «Черемуха -7» հատուկ միջոցը, ինչն էլ 3 հոգու մահվան պատճառ էր դարձել։
Պարզվել է, որ հատուկ միջոցի կիրառման հրամանը տվել էր ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Վերջինս, սակայն, հայտարարել է, որ սպաները ինկնակամ են կրակել։ Սակայն հատուկ ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը հերքել է Գեղամ Պետրոսյանի խոսքը։ Խաչատրյանի հավաստմամբ՝ անմիջականորեն հենց ինքն է փոխանցել Պետրոսյանի կրակելու հրամանը՝ իրականցնողներ Ավետիք Աթաբեկյանին և Լեւոն Հակոբյանին։
1033 ոստիկանական զորամասի փոխհրամանատար Արմեն Անտոնյանը փորձագետներին ասել է, որ իր հրամանները կատարել են «Черемуха-7» հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ Ղարիբյանը եւ Վարդան Սահակյանը։
Անտոնյանն ասել է, որ 1033 զորամասում կա գազային նռնակներ կրակող КА- 23 տեսակի 6 կարաբին։ Բոլոր 6 կարաբիններն էլ օգտագործվել են մարտի մեկի հրաձգության ժամանակ։ Հետևաբար բացի Մկրտիչ Ղարիբյանից եւ Վարդան Սահակյանից՝ նույն զորամասի եւս 4 զինծառայողի մոտ կարաբիններ են եղել։
Ավելի վաղ մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը տևական ժամանակ հասարակությանը փորձում էր համոզել, որ նրանք չեն կարող պարզել, թե սպաներից ով է կրակել մարդկանց վրա։ Իսկ նախկին Ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի նիստերից մեկում ասել է, որ ցուցարարների վրա կրակելու հրաման չի եղել և չէր էլ կարող լինել։
Փաստահավաք խմբի հավաքած նյութերը փոխանցվել են մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որտեղ նրանք կվերանայվեն և կընդգրկվեն հանձնաժողովի վերջնական զեկույցի մեջ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի այս տարվա հունիսի 6-ի կարգադրությամբ փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել է։



























