Չնայած այն բանին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքով աշխարհում զենքի վաճառքի ծավալները զգալիորեն նվազել են, ԱՄՆ-ը 2008 թվականին այնուամենայնիվ ամրապնդել է աշխարհում զինամթերքի առաջատար մատակարարի իր դիրքերը։ Նման տվյալներ են ներկայացվել The New York Times թերթի այսօրվա համարում հրապարակված ամերիկյան Կոնգրեսի «Զարգացող երկրներին սովորական սպառազինությունների մատակարարման» հաշվետվության մեջ։
Ըստ թերթի տվյալների, 2008 թվականին Վաշինգտոնը կնքել է 37,8 մլրդ. դոլարի զինամթերքի մատակարարման պայմանագրեր, ինչը կազմում է անցած տարվա ընթացքում աշխարհում կատարված նմանատիպ բոլոր գործարքների 68,4%-ը։ Համեմատության համար՝ 2007 թվականին զինամթերքի մատակարարման շուրջ ԱՄՆ-ի կնքած պայմանագրերի ծավալը կազմում էր 25,4 մլրդ. դոլար։
ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Իտալիան՝ 2008 թվականին զինամթերքի մատակարարման շուրջ գործարքների ծավալը կազմել է 3,7 մլրդ. դոլար, իսկ Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 3,5 մլրդ. դոլարի պայմանագրերով։
2008 թվականին զենքի մատակարարման շուրջ Վաշինգտոնի ամենախոշոր գործարքները Կոնգրեսի փորձագետները համարում են ԱՄԷ-ի հետ (6,5 մլրդ. դոլար), Մարոկկոյի հետ (2,1 մլրդ. դոլար), ինչպես նաև Թայվանին հետ (2 մլրդ. դոլար) մարտական ուղղաթիռների մատակարարման շուրջ կնքված համաձայնագրերը։ ԱՄՆ-ը խոշոր պայմանագրեր է կնքել նաև Հնդկաստանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի ու Բրազիլիայի հետ։
Ընդհանուր առմամբ զենքի մատակարարման շուրջ ողջ գործարքների ծավալը 2008 թվականին կազմել է 55,2 մլրդ. դոլար, ինչը 7,6%-ով ցածր է 2007 թվականի ցուցանիշից։




























