ԱՄՆ Ֆորիդա նահանգի  Բրեյդենթոն քաղաքի բնակիչ Կարլո Մեսիդորը 9 ամիս կալանքի է դատապարտվել իր շնիկի հետ դաժան վերաբերմունքի համար։ Անցյալ տարվա հոկտեմբերին տղամարդը ծեծել է կենդանուն եւ հանել նրա աչքը։  Բանն այն է, որ շնիկն ատամներով կրծոտել էր նրա կոշիկը։ Այս մասին հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով  Bradenton Herald-ին։

Դատավոր Բրայան Էթենը նրան մեղավոր է ճանաչել ու 9 ամիս կալանքի դատապարտել։ «Սա ամենաբարբարոսական դեպքերից մեկն է, որի հետ մենք բախվել ենք։ Կենդանիների նկատմամբ դաժանությունն անթույլատրելի է», - դատարանում հայտնել է դատախազության ներկայացուցիչը։

Մեսիդորին նաեւ 2,5 հազար դոլար տուգանք է նշանակվել։ Դատավորը համաձայնել է մեղադրող կողմի դիրքորոշման հետ, համաձայն որի՝ Մեսիդորը «կանխամտածված տանջել է» կենդանուն։