Մեմֆիսի բնակիչ Ջարեդ Մաքլիմորը իր վրա կերոսին է լցրել, հրկիզել իրեն ու մտել քաղաքի հանրաճանաչ բարերից մեկը։ Ինքնահրկիզման հետեւանքով տղամարդը մահացել է։ Նա ինքնահրկիզումը հեռարձակել էր Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում, հաղորդում է Meduza-ն։
Չնայած որ բարը մարդաշատ էր, իսկ ինքնահրկիզման պահին այնտեղ համերգ էր տեղի ունենում, տուժել է միայն մեկ այցելու։ Նա փորձել է Մաքլիմորի ձեռքից խլել կրակայրիչը եւ լուրջ այրվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Murphy՚s բարում այդ օրն աշխատել է հնչյունային ռեժիսոր Էլիսա Մուրը՝ 33-ամյա Մաքլիմորի նախկին զուգընկերուհին։ Նրա խոսքով՝ տղամարդը հատուկ է ինքնահրկիզվել հենց այդ ակումբում, որպեսզի նա ինքն ականատես լինի այդ սարսափելի երեւույթին։





























